6 փետրվարի 2006 - 18:46 AMT
Եվրոպայի Խորհրդում կրկին բարձրացվել է Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման հարցը
Փետրվարի 1-ին կայացած Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նիստի ժամանակ քննարկվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանի կողմից ԵԽ նախարարների կոմիտեին ներկայացված գրավոր հարցը Հին Ջուղայում հայկական միջնադարյան գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այդ հարցի կապակցությամբ նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Հայաստանի դեսպանը, Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրելով 2005թ. Հին Ջուղայում կատարված անհանդուրժելի գործողությունների փաստի վրա, նշել է, որ նման գործողությունները ոտնահարում են մարդկային արժանապատվությունը եւ կոլեկտիվ հիշողությունը, ինչպես նաեւ հակասում են Եվրոպայի խորհրդի գլխավոր նպատակներից մեկին` ԵԽ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանմանը, որը կազմում է եվրոպական ժառանգության մաս: Հայաստանի դեսպանը ընդգծել է նաեւ, որ գրավոր հարցում ներկայացված փաստերն ու տարածված լուսանկարները վկայում են ադրբեջանական զինվորականների կողմից հայկական խաչքարերի ոչնչացման հարցում Ադրբեջանի պատասխանատվության մասին: Դեսպանը նշել է նաեւ, որ այս իրադարձություններն ունեն երկար պատմություն եւ նախկինում էլ մեծ մտահոգության առիթ էին հանդիսացել:

Միեւնույն ժամանակ Հայաստանի դեսպանը ափսոսանք է հայտնել, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը, որը տարիներ առաջ պետք է գնահատեր այդ ժառանգության իրավիճակը, թույլտվություն չի ստացել այցելելու Նախիջեւան: Մինչդեռ, ժամանակին այդպիսի առաքելության այցի կազմակերպումը թույլ կտար խուսափել ներկույումս կատարվող դեպքերից: Քրիստիան Տեր-Ստեփանյանը տեղեկացրել է նաեւ, որ գրավոր հարցում ներկայացված փաստերի առնչությամբ ստացվել են միջազգային արձագանքներ, մասնավորապես, Եվրախորհրդարանը 2006թ. հունվարի 19-ին ընդունած բանաձեւով կոչ է անում ադրբեջանական իշխանություններին վերջ դնել ներկայումս կատարվող խաչքարերի ոչնչացմանը: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաեւ ափսոսանք է հայտնել, որ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը տոնում էր Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50-րդ տարեդարձը, կոնվենցիայի անդամ պետություններից մեկը ակնհայտորեն խախտում էր այդ կոնվենցիայում ամրագրված սկզբունքներն այն մասին, որ մասնակից պետությունը պարտավորվում է պահպանել իր իրավասության տակ գտնվող մշակութային ժառանգության օբյեկտները եւ ապահովել այդ հուշարձանները մուտք գործելու մատչելիությունը: Նա ավելացրել է նաեւ, որ չնայած հայկական միջնադարյան գերեզմանոցի ոչնչացումը շարունակվում է, սակայն մինչ այսօր չի իրականացվել որեւէ միջազգային առաքելություն: Նա հիշեցրել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեն արդեն առիթ է ունեցել նախկինում իր պատասխաններից մեկում նշել, որ մեծ կարեւորություն է տալիս մեր տարածաշրջանի պատմա-մշակութային ժառանգության պահպանմանը: Հայաստանի դեսպանի կարծիքով, Նախարարների կոմիտեն պետք է վերահաստատի դիրքորոշումը` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել այդ գործողություններին եւ թույլ տալ միջազգային առաքելությանը այցելել այդ վայրերը, որոնք համամարդկային մշակութային գանձերի մաս են կազմում: