7 փետրվարի 2006 - 13:27 AMT
Այսօր Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, տրանսպորտի եւ կապի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, Շվեդիայում Հայաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Փետրվարի 8-ին Շվեդիայի Թագավորական պալատում տեղի կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցը թագավորԿարլ XVI Գուստավի հետ: Հայաստանի նախագահի եւ Շվեդիայի վարչապետ Գյորան Պերսոնի հանդիպումից հետո նախատեսվում է ստորագրել միջկառավարական համաձայնագիր ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին:Եռօրյա այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Շվեդիայի խորհրդարանի նախագահ Բյորն ֆոն Սիդովի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի, շվեդահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես կգա Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում: Նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները Ստոկհոլմի Ֆոնդային Բորսայի եւ Investor group ու Ericsson ընկերությունների ներկայացուցիչների հետ: Փետրվարի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստոկհոլմից կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: