18 հունիսի 2013 - 14:46 AMT
Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող ընկերությունները շարունակում են մոլորեցնել սպառողներին

Հունիսի 18-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» և «Nout.am» ընկերությունների մասին, որոնք սպառողներին մոլորեցնելու համար տուգանվեցին օրենքի ողջ խստությամբ

Հանձնաժողովը ստացել է դժգոհություն մի շարք քաղաքացիներից այն մասին, որ «Այ թի մաստեր» և «Nout.am» և ընկերությունները ակնհայտորեն խաբում և մոլորեցնում են սպառողներին: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Մասնավորապես. «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Նույն կերպ էլ խնդիրը վերաբերում է «Այ թի մաստեր» ընկերությանը, որը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը Հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և կիրառեց տուգանք՝ յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Ընկերությունները նախազգուշացվեցին զերծ մնալ նման գործելաոճից և անհապաղ վերացնել խախտումը:

Հիմնվելով ՀՀ քաղաքացի Անահիտ Սահակյանի բողոքի և ԶԼՄ-ների հրապարակումների վրա, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է սկսել «Էյ-Ջի Էլեկտրոնիքս» ընկերությանը պատկանող «Ռիչ քոմփյութերս» խանութ-սրահի դեմ:

Հետևելով հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդային ակցիային՝ Անահիտ Սահակյանը դիմել է «Ռիչ քոմփյութերս» խանութին, ապառիկով համակարգիչ ձեռք բերելու նպատակով: Ըստ ակցիայի, հարկավոր էր ներկայացնել միայն անձնագիրն ու սոցիալական քարտը, սակայն 2012թ. դեկտեմբերին նրան մերժեցին, քանի որ պահանջվում էր նաև տեղեկանք ներկայացնել աշխատավայրից: Քաղաքացին փորձել է կրկին ձեռք բերել համակարգիչ արդեն 2013թ. հունվարին, և կրկին մերժում ստացել: Հանձնաժողովի նիստում Անահիտ Սահակյանը նշեց, որ չունի պաշտոնական աշխատանք, սակայն կարող է մուծել ապառիկի գումարները: Նա նաև հավելել է, որ այնուամենայնիվ ձեռք է բերել համակարգիչ մեկ այլ խանութից: Արտակ Շաբոյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտները Հայաստանում դեռևս անբարեխիղճ մրցակցության են դիմում, գնորդներին գրավելու համար: Ինչպես ասել է նա, «Էյ-Ջի Էլեկտրոնիքս» ընկերությունը կտուգանվի տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:

Նա նաև հորդորել է քաղաքացիներին ուշադիր լինել նման «կեղծ» ակցիաների հարցում և դիմել ՏՄՊՊՀ:

Իր հերթին ընկերության լիազոր ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ակցիան հայտարարված էր փետրվար-մարտին, ոչ թե դեկտեմբերին և հունվարին: Ավելին, ըստ նրա, ընկերությունն ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են ակցիայի շրջանակներում կնքված գործարքների մասին միայն անձնագրի ու սոցքարտի հիման վրա: «Հանձնաժողովի որոշումն անընդունելի է մեզ համար, մենք մտադիր ենք այն բողոքարկել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: