18 հունիսի 2013 - 14:21 AMT
Հովիկ Աբրահամյանն առաջակեց ՎՊ հաշվետվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն

Հանրապետական կուսակցությունն անկեղծ է իր ելույթներում, ձևակերպումներում և գնահատականներում, վստահեցնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր խորհրդարանում նա հայտարարեց, որ իրենց նպատակն է, որ այն պաշտոնյաները, որոնք կոչված են իրենց առաքելությունն իրականացնելու, վատ աշխատանքով, չարաշահումներով ցեխ չշպրտեն մեծամասնության` ՀՀԿ-ի վրա: «Մեզ համար անընդունելի է, որ Վերահսկիչ պալատը ներկայացնի բազմաթիվ փաստեր ու հիմանվորումներ` խախտումների, չարաշահումների մասին, իսկ Ազգային ժողովը լռի, իր վերաբերմունքը չհայտնի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով ՎՊ 2012 թվականի հաշվետվությանը, որով բազմաթիվ խախտումներ և չարաշահումներ են բացահայտվել: Նա առաջակեց հաշվետվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն, որն էլ պարբերաբար գործերի ընթացքի մասին տեղեկացնի կառավարությանը, Ազգային ժողովին ու Վերահսկիչ պալատին:«Եթե մեր բոլորի նպատակն այն է, որ չարաշահումներ չլինեն, ապա այս ձևաչափը ճիշտ է: Ես շնորհակալություն կհայտնեմ իմ գործընկերներին, ովքեր ավելի լավ, արդյունավետ տարբերակ կներկայացնեն»,- ասաց ԱԺ նախագահը: Նա նաև ընդգծեց, որ ԱԺ ամբիոնից չարահաշումների, թալանի մասին անհիմն մեղադրանքներ հնչեցնել և հանրության մոտ ստեղծել կարծիք, որ դա համակարգված թալան է, անթույլատրելի է. «Ես դեմ եմ և քննադատում են նման մարդկանց, հորդորում եմ ԱԺ ամբիոնը չօգտագործել հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար: Ես ուզում եմ, որ մենք լինենք անկեղծ մեր քննադատությունների և մեղադրանքների մեջ: Որևէ մեկը թող չմտածի, որ մենք չենք գիտակցում, որ բոլորս պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Մենք գիտակցում ենք և դրա համար մեծամասնություն ենք»:

Անդրադառնալով իր հասցեին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքերին, ԱԺ նախագահն ասաց. «Ես մի պահ գայթակղվեցի և ցանկանում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց հետո մտածում եմ, որ մաղձին պատասխանելն անիմաստ է:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ բոլոր մեղավորները պատժվելու են: