18 հունիսի 2013 - 21:19 AMT
Գյուղնախարարը կաթ մթերողներին հորդորել է մարդակենտրոն գործել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ այցելեց Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների չորս համայքներ, և տեղում ծանոթացավ այն աշխատանքի հետ, որն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի միջոցով:

Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 9 համայնքներում արդեն հիմնադրվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, 5 համայնքում արդեն ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքները, արոտօգտագործողների միավորումները ստացել են ժամանակակից գյուղտեխնիկա: Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարկային ծրագրի ռեսուրսների խնայման հաշվին Շիրակի մարզի ևս 3 համայնքներ կներգրավվեն այս կարևոր ծրագրում:

Գյուղատնտեսության նախարարը Ամասիայի տարածաշրջանի Բասեն համայնքում հանդիպեց նաև կաթ մթերողների հետ, նրանց հորդորելով ապրանքի գինն արհեստականորեն չիջեցնել, քանի որ ներդրված ցանկացած ծրագիր պիտի լինի հօգուտ սպառողի, մարդակենտրոն: Նախարարի վերջին կանգառը Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ համայնքի ցորենի և կարտոֆիլի ցանքատարածություններն էին, որոնց ցանքերը իրականացվել են պետական միջոցներով` հողօգտագործողների աջակցության ծրագրի շրջանակում, սուպերէլիտային և էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմերով: Մասնագետները հավաստեցին, որ այստեղ առատ բերք է սպասվում: