19 հունիսի 2013 - 15:04 AMT
Քվեարկությունից հետո ԱԺ նիստը շարունակում էր գրեթե դատարկ դահլիճում

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկությամբ հաստատեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու մասին նախագիծը և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Քվարկությունից հետո նիստերի դահլիճը գրեթե դատարկ էր, պատգամավորների մեծ մասը լքեցին այն: Դահլիճում էին մնացել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ական պատգամավորներ Մարինե Մարաբյանը և Ռոբերտ Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ուշացումով դահլիճ մտավ նաև ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Դատաիրավական համակարգում փոփոխություներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց շատ հակիրճ, օրինագիծ ներկայացրեց նաև սոցապնախարարը։ «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ուշացումով դահլիճ եկավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հաջորդ՝ «Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին արդեն երկու հարցերի համար հերթագրվեցին ընդդիմադիր պատգամավորները, ինչից հետո Էդուրադ Շարմազանովն արձանագրեց. «Ընդդիմությունը եկավ, հարցերը հետը»։