Փակ շուկան «ապակեպատում են»

Փակ շուկան «ապակեպատում են»

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարության ՝ Փակ շուկայում ընթացող շինարարության ապօրինի լինելու մասին վերջին հայտարարությունից մեկ ամիս անց՝ այսօր շուկայում արդեն շինարարության նոր փուլ է սկսվել: Տանիքին կառուցված շինության վրա հավաքել են մետաղյա կոնստրուկցիաներ, որոնց վրա հետո ապակիներ են տեղադրվելու:

Շուկայի տարածքում այսօր մեզ դիմավորեց Լևոն Խաչատրյանը, ով ներկայացավ որպես աշղեկ: Ասաց, որ լրագրողները միայն վատ բաներ են տեսնում և չեն ուզում նկատել, որ իրենք նաև լավ գործ են անում. «Մենք պատերին մի հատ ձեռ չենք տվել, ընդեղ նայեք, քարերը թափվել էին, մենք նորից տեղադրում ենք իրենց տեղում, ռեստավարցիա ենք անում»:

Նշենք, որ բացի նոր կոնստրուկցիաներից ևս մեկ «նորամուծություն» կա շուկայում, փոխվել են նախկին պատուհանները, դրանց փոխարեն հիմա եվրոպական արտադրության պատուհաններ են, որոնք ըստ Խաչատրյանի՝ փոխվել են, որովհետև նախկին պատուհանները կորոզիայի էին ենթարկվել, փականները չէին աշխատում և չէին բացվում.«Վատ ենք արե՞լ, ի՞նչ վատ կլինի, մարդիկ կկարողանան նորմալ բացել-փակել, ներսում էլ հով կլինի», -ասաց նա:

Խաչատրյանն ասաց, որ շուտով շինարարությունը կավարտվի. «Ներսի հարդարման աշխատանքներն ավարտել ենք, բացումը շուտով կանենք, ներսը շուկա կլինի, ավտոկայանն էլ իրա տեղում կլինի, որ չգաք խանգարեք, շուտով կպրծնենք»,-ասաց նա:

8  19.06.13 - Փակ շուկան ապակեպատում են
Փակ շուկա

Փակ շուկայի այսպես կոչված կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները: Նախքան այդ՝ մարտի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը:

Գիտամեթոդական խորհուրդն առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարություն: Մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է վթարային, և առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնե կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:

Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն` համաձայնեցման, ինչը չի արվել: Ավելին, այս մեկ տարվա ընթացքում հարևան շենքի բնակիչները, քաղաքացիական ակտիվիստները բազմիցս ահազանգել են, որ շուկայի տարածքում ապօրինի շինարարություն է ընթանում, մասնավորապես` կառուցապատվում է շուկայի վերգետնյա հատվածը, ինչի թույլտվությունը կառուցապատողը չունի: 2013 թվականի մայիսի 14-ին` արձագանքելով բնակիչների և լրագրողների ահազանգերին, մշակույթի նախարարությունը հայտնել է, որ այժմ շուկայի տարածքում ընթացող շինարարությունը չի համապատասխանում նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին: 2013-ի մայիսի 13-ին նախարարությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:

Երևանի քաղաքապետարանն իր վերջին գրությամբ հայտնել է, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---