19 հունիսի 2013 - 17:16 AMT
Նախարարը հաստատեց. Քննարկվում է Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելու հարցը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ բանակցություններ են ընթանում «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելու շուրջ:

«Բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնեմաս տալ-չտալու հարցը և ոչ միայն, նաև այլ հարցեր կան»,-ասաց Արմեն Մովսիսյանը և հավելեց, որ որևէ որոշում այս պահին ընդունված չէ ու բանակցությունները կավարտվեն տարեվերջին: Արմեն Մովսիսյանը նաև ասաց, որ խնդիրն այդպես չի դրված, որ ռուսական կողմը հետո ինչ ուզի՝ անի: «Բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ապահոված գազամատակարարում ունենանք»:

Հիշեցնենք, որ որ ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցը: