19 հունիսի 2013 - 20:18 AMT
Արցախում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Արցախում հնձված է մոտ 10 հազար հեկտար դաշտ` հիմնականում գարու: Դաշտերում, ըստ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի աշխատում է 193 կոմբայն: Թվաբանորեն այս քանակը հնարավորություն է տալիս բերքն անկորուստ հավաքել, այս մասին գրում է karabakh-open.info-ն:

Սակայն երեկ վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում շրջվարչակազմերի ղեկավարները ահազանգեցին` ցորենը հարթավայրերում սկսել է հասունանալ և, գարու բերքահավաքը պետպահուստում ավարտելով` տեխնիկան չի տեղափոխվում ավելի բարձրադիր գոտի. սեփականատերերի 1-2 հեկտարանոց դաշտերում բերքը կորցնելու վտանգ կա:

Քննարկումների արդյունքում որոշվեց` գարու բերքահավաքը, անկախ դաշտի մակերեսից ու գտնվելու վայրից ավարտել ամբողջությամբ, հետո դարձյալ հարթավայրային գոտուց սկսել ցորենի բերքահավաքը:

Բերքատվության մասին`գարու միջին բերքատվությունը 17ց է, իսկ 18 ց` ցորենինը: Գներն այս տարի բարձր են: Գարին տեղում մթերվում է 130-135 դրամով: Ցորենն ալրաղացներն ընդունում են 160 դրամով: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հողօգտագործողների պարտքի դիմաց ցորենն ընդունում է 155 դրամով: