8 փետրվարի 2006 - 19:19 AMT
Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ աստիճանաբար ամրապնդվում է, համոզված են Բաքվում
«Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ աստիճանաբար ամրապնդվում է եւ դա կարող է դրական արդյունք տալ խաղաղ կարգավորման գործընթացում»,-փետրվարի 8-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը Բաքվում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որի կազմակերպիչն էր Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունը: «Ղարաբաղյան խնդրի միջազգային ասպեկտները եւ Ղարաբաղը հակամարտության կարգավորումից հետո» խորագրով միջոցառմանը նա նշել է, որ միջազգային կառույցներին հակամարտության լուծման համար անհրաժեշտ է օգտագործել աշխարհում կիրառվող փորձը: Ըստ Ս.Սեիդովի, «Եվրոպայի Խորհրդի դիրքրոշումն ու գործունեությունը Ղարաբաղի գծով կարելի է համարել բավարար»: Ս.Սեիդովը նշել է, որ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը եւ մյուս միջազգային կառույցները պետք է օգտագործեն Եվրոպայի փորձը ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործում: «Եվ Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական է եւ համապատասխանում է աշխարհում գոյություն ուենցող կանոններին: Խնդրի լուծման համար Ադրբեջանը պետք է կիրառի միջազգային կանոնները նաեւ իր մոտ, քանի որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլումն է»,-ընդգծել է Ս.Սեիդովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: