21 հունիսի 2013 - 13:31 AMT
ՀՀԿ պատգամավոր. Ժամանակը ցույց կտա` ՎՊ հաշվետվության քննարկումները շոու էին, թե` ոչ

Քաղաքական մեծամասնությունը ձեռնամուխ է եղել առկա արատների վերացմանը, վստահեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թ.-ի հաշվետվության քննարկումներին, պատգամավորն ասաց, որ դրանք լավագույնն էին երբևէ եղած քննարկումներից՝ «անկախ նրանից, որ ՎՊ նախագահը քաղաքական գնահատականներ հնչեցրեց»:

«Հաշվետվության քննարկումները հասարակության մոտ սպասելիքներ ձևավորեցին, թե ինչ կլինի հետագայում, ոչ միայն ովքեր կպատժվեն, այլև ինչ քաղաքական լուծումներ են սպասվում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ խնդիրը միայն մարդկանց պատժելը չէ: Նա ընդգծեց, որ պետք է այնպես անել, որ մարդկանց մոտ նվազի խախտում անելու ձգտումը։

«Ժամանակը ցույց կտա` ՎՊ հաշվետվության քննարկումները շոու էին, թե` ոչ, եթե ժամանակի ընթացքում որևէ բան չփոխվեց, ուրեմն ընդդիմադիրները ճիշտ կլինեն, որ դա իսկապես շոու է»,- ասաց Խոսրով Հարությունյանը և ավելացրեց,- «Մեր չինովնիկները չեն գիտակցում, որ իրենք աշխատավարձ են ստանում հարկատուի փողերով, որոնց պիտի ծառայեն։ Այս գիտակցությունը շատ բան կփոխի»:

Պատգամավորը հայտարարեց, որ նախագահը հետամուտ է լինելու, որ հաշվետվությունում վեր հանված խնդիրները լուծում ստանան:

Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում և այս շաբաթվա սկզբին հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանը քննարկեց ՎՊ 2012թ.-ի հաշվետվությունը, որով բազմաթիվ կոպիտ խախտումներ և չարաշահումներ են բացահայտվել: