21 հունիսի 2013 - 13:38 AMT
Է. Հովհաննիսյան. Ստացվում է, որ հիմա վարորդները պետք է ամբողջ ուշադրությունը արագաչափի վրա կենտրոնացնեն

Նախօրեն մեծ աղմուկ բարձրացրած օերնքի նախագծին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Խոսքը ՀՀ Ազգային ժողովում հունիսի 19-ին քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծում արագաչափերի ցուցանիշները 10 կմ-ով նվազեցնելու փոփոխության մասին է, որն Էդուարդ Հովհաննիսյանը անիմաստ է համարում:

Բանն այն է, որ նախկինում, եթե սահմանված արագության գերազանցման թվերն ավարտվում էին մեկով, օրինակ՝ 51, 61 և այլն, հաշվի էր առնվում սարքի ճշտությանը՝ ըստ այդմ գումարվում կամ հանվում էր 1 կմ, իսկ այսօր 1կմ-ի հարցը դուրս է գալիս, բացատրեց մասնագետը:

Ինչ վերաբերում է երեկ Ճանապարհային ոստիկանության երեկվա պարզաբանմանը, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ հոդվածով սահմանված է, որ տուգանքների չափերը մնում են նույնը, սակայն այստեղ փոփոխությունների են ենթարկվել արագության գերազանցման սանդղակները։

«11-20 կմ նվազագույն սանդղակը գերազանցելը դարձրել են 1-10 կմ։ Ստացվում է, որ հիմա վարորդը պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի իր մեքենայի արագաչափի վրա, որ այդ 1 կմ-ը չգերազանցի»,- ասաց նա։