21 հունիսի 2013 - 14:31 AMT
Մինչ մեր մուտքը ԱԺ-ում խռմփոցներ էին լսվում. ՀԱԿ-ը` գարնանային նստաշրջանում

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն աչքի ընկավ սկանդալային դեպքերի և հանցագործությունների լուրջ բացահայտումներով, ասում է «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Խորհրդարանում քննարկվեցին վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալը, գազի գնի հետ կապված բացահայտումները: Օրենսդրական առումով` Հանրապետականը ցույց տվեց իր «գցողի» էությունը, երբ պայանավորվածություն կար և խոստացել էին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն ընդունել, բայց բացահայտ մերժեցին իրենց խոստումը: Դա մեզ համար ամենակարևոր փաստաթուղթն էր, որը արժանացավ այդ ճակատագրին ՀՀԿ-ի նման պահվածքի պատճառով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը` ամփոփելով նստաշրջանի աշխատանքները:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում

Արամ Մանուկյանը խմբակցության աշխատանքներից գոհ է: Նա կարծում է, որ պատգամավորներն իրենց հնարավորությունների սահմաններում շատ ակտիվ աշխատել են: Ըստ նրա` իրենք թիմային արդյունավետ աշխատանք կատարեցին: «Այդ արդյունավետությունն է նաև այն, որ մենք կարողացանք գործընկերային հարաբերություններ ձևավորել ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգության» պատգամավորների հետ: Շատ հաճախ մեր քվեարկությունները միանման են, դա քաղաքական հաջողություն է: Խորհրդարանում ստեղծվել է մի ոչ իշխանական բլոկ, որը հաճախ նույանման է քվեարկում` չլինելով նույն գաղափարի ջատագով»,- ասաց նա:

Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ

Ազգային ժողովը փոփոխություն անշուշտ կրել է, ասում է Արամ Մանուկյանը: «Թող դա անհամեստություն չհնչի, դա նաև մեր մուտքով է պայմանավորված: Մինչ մեր մուտքը ԱԺ-ում խռմփոցներ էին լսվում, այնտեղ քնած էին շատ մարդիկ: Քննարկումները գնում էին միատոն և միագույն: Բոլոր դեպքերում հիմա գոնե հասարակության մոտ հետաքրքրություն է առաջացել խորհրդարանի նկատմամբ, որովհետև այսօր քննարկումներ ու քննադատություններ կան»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: