ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Նախարարը շնորհավորելով Ի. Վոլինկինին ՀՀ-ում ՌԴ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելիս դեսպանը հնարավորինս կնպաստի բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ավանդույթների ձևավորմանը և զարգացմանը:
Դեսպան Իվան Վոլինկինի խնդրանքով Արամ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները, ոլորտում իրականացվող և հեռանկարային ծրագրերը:
Կողմերը կարևորել են միջազգային կառույցներում, մասնավորապես «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» շրջանակներում բնապահպանական հարցերի շուրջ երկու երկրների համագործակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նպաստելու է բնապահպանական խնդիրների լուծման գործում արդյունավետ փոխգործակցությանը:
Դեսպան Իվան Վոլինկինը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը համատեղ այց կազմակերպելու բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի առաջարկը: