21 հունիսի 2013 - 16:01 AMT
Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը.

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Գլենդելի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի միջև փոխըմբռնման հուշագրի առկայությունն ու Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Զարեհ Սինանյանը և Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Գլենդելում՝ երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար: