21 հունիսի 2013 - 17:14 AMT
Արա Պապյան. Մենք պետք է մեր դաշնակցի հետ հասկանանք` նա իրականում մեր դաշնակի՞ցն է, թե` ոչ

Ռուսաստանն իրավունք չունի զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ ռազմավարական դաշնակից լինել` նշանակում է զոհաբերել տնտեսական ու քաղաքական շահը հանուն դաշնակցի: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ իրեն զարմացնում է նաև հայկական կողմի`Ռուսաստանի նման քայլն արդարացնելու փորձերը:

«Եղբայր, դուք ինչո՞ւ եք արդարացնում Ռուսաստանին, դա ձեր գործը չէ, այլ ռուսների, թող իրենք դա անեն: Հայաստանը պետք է դատապարտի և պաշտոնապես բողոքի, հայտարարի, որ մեզ համար անընդունելի է, և դաշնակցին հարիր պահվածք չէ», - ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի շահերը միմյանցից փոխադարձ են, բայց Ռուսաստանն իրավիճակն այս կերպ չի գնահատում. «Մեր ատամները հաշվել են, մտածում են՝ ինչ էլ անեն, մեզ չեն կորցնի: Մենք կորցրինք այդ պահը, և ռուսական հասարակությունը մտածում է, թե միևնույն է՝ հայերը մերն են»:

Քաղաքագետը նշեց` այս իրավիճակում չէինք հայտնվի, եթե ունենայինք այլընտրանքային տնտեսական քաղաքականության հնարավորություններ: Մասնավորեցնելով գազի գնի բարձրացման շուրջ. «Ակնհայտ է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում պետական հովանավորություն ունի, բայց դա չի գնահատում: Ի վերջո, եթե մեզ հետ մեր դաշնակիցը պիտի խոսի նման ճնշումներով, ի՞նչ դաշնակից: Մենք պետք է մեր դաշնակցի հետ հասկանանք` նա իրականում մեր դաշնակիցն է, թե ոչ: Թող ասեն` դուք մեր դաշնակիցները չեք, դա ավելի բարոյական կլինի։ Երբ Արևմուտքին դիմում ես ներդրումների ակնկալիքով, ասում են`ձեր դաշնակիցը Ռուսաստանն է, թող նա էլ լինի: Հիմա ո՞վ է մեր դաշնակիցը»։

Իսկ հակափաստարկին, թե Ռուսաստանը համեմատաբար էժան զենք է վաճառում Հայաստանին, Պապյանը պատասխանեց. «Սյդ զենքը ռուսական ռազմաբազայում է, մերը չէ»:

Նա նշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում 2 կողմից էլ զոհերն անհամեմատ շատ են լինելու և ավելացրեց. «Իսկ ո՞վ է պատասխան տալու»: Ռուսական կողմի արձագանքն էլ անկանխատեսելի համարեց` հաշվի առնելով 1917, 1919-1920, 1990-ականների փորձը: