21 հունիսի 2013 - 17:27 AMT
ԲՈՀ-ի ղեկավարը նամակ է գրել վարչապետին. Նա համաձայն չէ Աշոտյանի նկատողության հետ

Բարձարգույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին իր անամաձայնությունն ու բացատրություններն է հայտնել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն հայտարաված «խիստ նկատողության»-ը: Այդ մասին նա տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:

Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԽ փոքր նիստի ժամանակ քննարկվել է ԲՈՀ նախագահի նամակը: «Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ»,-ասված է ՀԽ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Արտուշ Ղուկասյանին նկատողություն էր հայտարարել հանձնարարականների թերի կատարման համար: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ մի խումբ երիտասարդ գիտնականներ նամակով դիմել էին ԿԳՆ Արմեն Աշոտյանին` ԲՈՀ-ի աստիճանաշնորհման գործընթացում մի շարք փոփոխությունների առաջարկով: