21 հունիսի 2013 - 17:44 AMT
Ընդամենը հինգ հոգով կարողանում ենք որոշակի երանգ տալ խորհրդարանին. ՀՅԴ-ն` գարնանային նստաշրջանում

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն, ըստ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, մեծ հաշվով որևէ առանձնահատկություն չուներ և հերթական նստաշրջան էր: Պատգամավորը չի կարծում, որ այս խորհրդարանում նստաշրջանները մեկը մյուսից տարբերվելու որևէ հակում ունեն: «Կա հստակ մեծամասնություն, որը անկախ նրանից թե ինչպիսի օրենքներ են, ինչպիսի քննարկումներ են, քվեարկությամբ ընդունում են դրանք»,- ասաց Աղվան Վարդանյանը և նշեց, որ, թերևս, միակ առանձնահատկությունը վերջին քառօրյայում Վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետվության քննարկումն էր, որով բազմաթիվ կոպիտ խախտումներ և չարաշահումներ էին բացահայտվել:

«Հայ Յեղափոխական Դաշմակցություն» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում

Ըստ Աղվան Վարդանյանի խմբակցությունն ընդամենը հինգ հոգով որոշակի երանգ կարողանում է տալ խորհրդարանին, առանձնանում է իր դիրքորոշումներով: «Մենք փորձում ենք խորությամբ քննարկել հարցերը, ներկայացնել կառավարության բերած օրինագծերի թերությունները, շտկումներ անել, բայց մեծ հաշվով էական ազդեցություն քվեարկությունների վրա չենք կարող ունենալ»,- ասաց նա:

Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ

ԱԺ-ն բավական քաղաքականացված է, ասում է Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` խորհրդարանում քաղաքական քննարկումներ ընթանում են, և իրենք իսկապես հիմնարար առաջարկներ են անում ոչ միայն զուտ նիստերի ժամանակ, այլև կառավարության հետ հարցուպատասխանի, հայտարարությունների, գրավոր հարցապնդումների միջոցով: «Այսօր կա քաղաքական բանավեճ` երկրի ընթացքի, ուղղությունների, մարտահրավերների շուրջ: Քաղաքական օրակարգն այսօր գոյանում է»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: