22 հունիսի 2013 - 14:52 AMT
Շուշի առանձնակի գումարտակի զինվոր Բուժականցի Մուրադի ընտանիքին օգնություն է պետք

Արցախյան պատերազմում մարտնչած, Շուշի առանձնակի գումարտակի զինվոր Մուրադ Զաքարյանի ընտանիքը ծանր սոցյալական վիճակում է: Այս մասին գրառում կա Ֆեյսբուքյան «Արդարություն» էջում. «Հայրենիքի համար կյանքը նվիրած հերոսը պատերազմի ժամանակ երկու անգամ ձերբակալվել և հայտնվել է Շուշի բանտում, որտեղից դուրս գալուց հետո շարունակել է պայքարել Արցախի ազատագրման համար:

Սակայն այսօր նրա ընտանիքին է պետք օգնել հոգատարությամբ և հարգանքով: Բուժականցի Մուրադին բախտ չվիճակվեց ամուսնանալ և սերունդ թողնել, սակայն եղբայրը, որ մահացավ անցած ամիս, որբ թողեց երեք երեխաներին, կնոջը և 72 ամյա մորը: Տան միակ տղամարդը մնաց 7 ամյա Գրիշան:

Տունը, որտեղ ապրում են, կառուցվել է 1936թ., մասնակի փլուզվել է: Մուրադի մարտական ընկերների շնորհիվ որոշ նորոգումներ են կատարվել, սակայն փլուզման վտանգը դեռ կա: Երեկ մենք այցելեցինք նրանց: Սգի մեջ գտնվող հարազատներին ոչինչ չէր կարող մխիթարել: Մեր համեստ և փոքրիկ միջոցներով փորձեցինք մեղմել նրանց հոգսը` մինչ հստակ քայլերը: Տ

Տունը շտապ հարկավոր է վերանորոգել, թեկուզ մասնակի: Խնդրանքով դիմում ենք ձեզ` շինանյութ, դրամական միջոցներ, սնունդ, հագուստ, կենցաղային պարագաներ նվիրաբերեք մեզ, որպեսզի մենք կարողանանք աջակցել և իրականացնել այս ընտանիքի համար նախատեսված ծրագիրը:

«Աջակցություն ընտանիքներին» հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք Մուրադի ընտանիքին աջակցելու համար: Ծրագրին որևէ կերպ օգնել ցանկացողները կարող են կապվել հիմնադրամի ծրագրերի բաժնի հետ `010 52 80 72 կամ 095 88 65 69 հեռախոսահամարներով»

Բուժականցի Մուրադը զոհվեց մեր և ձեր հաղթանակի համար: Հարգենք հայրենիքի նվիրյալներին»: