13 փետրվարի 2006 - 16:50 AMT
Լեւոն Մելիք-Շահնազարյան. Բանակցությունները Ռամբույեում պետք է «տապալվեին»
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Ռամբույեում կայացած բանակցությունները պետք է «տապալվեին», քանի որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր էին, ընդ որում հիմնավորված կերպով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, «եթե տարածքային զիջումների դիմաց չկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքներ, ապա ըստ միջազգային իրավունքի նման պահանջները մեկնաբանվում են որպես սովորական անեքսիա»: «Եվ հարցն այստեղ արդեն ոչ թե ԼՂՀ բնակչության արձագանքն է, այլ պետական մտածողության»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրվող տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա Լեւոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ այդ սկզբունքը օրենք չի հանդիսանում: «Միջազգային իրավունքն ունի իերարխիա, ըստ որի տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր չի համարվում եւ կրում է զուտ խորհրդատվական բնույթ: Այլ է, երբ այն գործի է դրվում այն ժամանակ, երբ դա հարկավոր է հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ կողմերին: Եվ շատ լավ է, որ հայկական կողմը բանակցում է հաշվի առնելով վերը նշված իերարխիան»,-ընդգծել է քաղաքագետը: