26 հունիսի 2013 - 12:55 AMT
Հիմա արդեն Դորտմունդի «Բորուսիան» է մտադիր ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկը մամուլին հայտնել է, որ ՉԼ խաղարկության եզրափակչի մասնակիցը կարող է համալրվել միանգամից երեք ֆուտբոլիստներով:

Ըստ Bild-ի, գերմանական ակումբի անդամ կարող է դառնալ նաև «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Բորուսիա Դ»-ի ղեկավարները պատրաստ են ֆուտբոլիստի համար 25 մլն եվրո վճարել, իսկ բանակցությունները ֆուտբոլիստի հետ արդեն կայացել են:

Մինչդեռ Մխիթարյանը չի ներկայացել «հանքափորների» հավաքին և կտուգանվի:

Հայաստանում նոր-նոր են մարել կրքերը, կապված Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների հետ: Ընդ որում «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, թե «Լիվերպուլը» Մխիթարյանի տեղափոխման հարցով իրենց չի դիմել: Հարկ է նշել, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են ոչ միայն «Շախտյորին», այլ նաև Դոնեցկի «Մետալուրգի» փոխնախագահ Օլեգ Մկրտչյանին: Գործարարը հրապարակավ հայտարարել է, որ իրեն է պատկանում Մխիթարյանի տրասֆերի իրավունքի 50 տոկոսը, սակայն թե ով է նրան լիազորել բանակցել տեղափոխման շուրջ, դեռ պարզ չէ: