26 հունիսի 2013 - 12:52 AMT
Տարոն Մարգարյանը և Վարշավայի քաղաքապետը ստորագրել են Մտադրությունների հուշագիր

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի հետ:

Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Գրոնկևիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի և լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված և հաճելի է դարձնում Երևանի քաղաքապետին հյուրընկալելը: «Հայերի և լեհերի դարավոր բարեկամությունն իսկապես լուրջ և ծանրակշիռ խթան է երկու երկրների մայրաքաղաքների միջև սերտ հարաբերություններ հաստատելու համար, և ես վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկուստեք փոխշահավետ համագործակցության առումով», - ընդգծել է Հաննա Գրոնկևիչ-Վալցը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը: «Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի երկուստեք փոխշահավետ համագործակցություն ունենալ: Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու Մտադրությունների հուշագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։