26 հունիսի 2013 - 12:58 AMT
Հայաստանն ու Լիտվան կարևորում են նոր կապերի զարգացումը բոլոր ոլորտներում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարևորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների միջև նոր օրակարգի ձևավորման, ինչպես նաև տարբեր բիզնես ֆորումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը: Դեսպանը վարչապետին է ներկայացրել նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ առկա նախադրյալներն ու նախատեսվող ծրագրերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կողմերը հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, անդրադարձել մշակութային կապերի ավելի սերացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Էրիկաս Պետրիկասը Լիտվայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման և իրականացվող բարեփոխումների գործընթացներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և լիտվացի խորհրդարանականներին՝ Արցախի հետ բարեկամություն խումբ ստեղծելու նախաձեռնության համար: