26 հունիսի 2013 - 13:33 AMT
Շ.Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանից զենք գնելով Ադրբեջանը կախվածության մեջ է հայտնվել

Զենքի վաճառքը բիզնես է, իսկ համաշխարհային շուկան այնպիսին է, որ միշտ էլ կարելի է զենք գնել, ասում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքին, Շավարշ Քոչարյանը նկատեց. «Իհարկե չի կարող չմտահոգել, երբ քո ռազմական դաշնակիցը վաճառում է զենք` գիտակցելով, որ ամեն դեպքում գնորդը միշտ էլ կարող է այն գործի դնել: Եվ մի հանգամանք էլ կա. իրականում, ով վաճառում է զենքը, որոշակի կախվածության մեջ է պահում գնորդին: Որովհետև նմանատիպ զենքերըը պարբերաբար փոփոխությունների կարիք ունեն, այսիքն նաև որոշակի կախվածություն է առաջանում»:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ Ադրբեջանի սպառազինումը Հայաստանին չմտահոգել չի կարող: Միևնույն ժամանակ նա ընդգծել էր. «Ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակիի վրա, և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշել էր, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկայի ամենախոշոր արտադրողներից ու մատակարարներից մեկն է և զենք է վաճառում տասնյակ երկրների, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ: «Դա բիզնես է, շուկա, այլ հարց է, որ ոչ ՀԱՊԿ անդամ երկներին զենք վաճառելիս, այս դեպքում՝ Ադրբեջանին, մեք առաջին հերթին առաջնորդվում ենք տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքով և այդ սկզբունքն էլ գործարքի ժամանակ հաշվի է առնվել »,-ասել էր Նիկոլայ Բորդյուժան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ: