26 հունիսի 2013 - 13:43 AMT
Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ

ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ: Այսօր, Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հուշագիր ստորագրվեց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համաժողովի բացման խոսքում ընդգծեց, որ վերլուծական բաղադրիչը ունի հիմնարար նշանակություն ՀԱՊԿ գործունեության մեջ: Նա նշեց, որ նման հանդիպումների ու քննարկումների արդյունքում է, որ պետությունների առջև եղած խնդիրների վերաբերյալ գտնվում են լուծումներ ու այդ լուծումների մասին տեղյակ են պահվում երկրների ղեկավարները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց, որ համաժողովի անվանումն արդեն խոսում է դրա կարևորության մասին: Նա ասաց, որ նմանատիպ միջոցառումներ Հայաստանում առաջին անգամը չէ, որ անցկացվում են: «Անցյալ տարին հոբելյանական էր ՀԱՊԿ համար և այն պատմության մեջ կմնա որպես ամենաարդյունավետ գործունեություն արձանագրած տարիներից մեկը: Աշխատանքներ տարվում էին տարբեր ուղղություններով: Կայացվեցին մի շարք որոշումներ: Հույս ունեմ, որ այս համաժողովի մասնակից առաջատար մասնագետները քննարկումների արդյուքնում կկարողանան գտնել ուղիներ այդ որոշումները գործնական դաշտում կիրառելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովն իր գործունեությունը կշարունակի նաև վաղը: Ավելացնենք, որ ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: