26 հունիսի 2013 - 14:58 AMT
ՀՅԴ պատգամավոր. Հայաստանի ներքաղաքական կյանքում երբեք այսքան մեծ լարվածություն չի եղել

Հայաստանի ներքաղաքական կյանքում երբեք այսքան մեծ լարվածություն չի եղել, կարծում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է՝ սկանդալներ, խախտումներ, հուզումներ գյուղերում, Եվրամիություն-Եվրասիական միություն ուղղությունների քննարկումներ, գազի և էլեկտրաէներգիա սակագնի բարձրացում։

Աղվան Վարդանյանն անդրադառնալով նման իրավիճակում ընդդիմության անելիքներին ՀՅԴ մասով, ասաց, որ իրենք ակտիվ ներքին քննարկումներ են անում` խնդիրները կարգավորելու համար: «Ակնհայտ է, որ մենք չենք կարողացել մեծ շերտերի մեջ վստահություն առաջացնել։ Եվ սա մտածելու տեղիք է տալիս։ Մենք պետք է զբաղվենք մեր ներքին բարեփոխումներով՝ հասարակության վստահությանն արժանանալու համար»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով իշխանությանը, նա նշեց, որ ներսից սկսվել են տարակարծություններ, և հայտնի չէ, թե ուր է դա տանում։ «Բոլորը սպասում են հանրապետության նախագահի խոսքին` թե ինչ կասի, որ պաշտոնյան կազատվի աշխատանքից։ Ես կուզեի, որ Սերժ Սարգսյանն աշնանն ուղերձով դիմի ժողովրդին, թելադրվեն հստակ խաղի կանոններ՝ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Այսօր իշխանությունների քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: