26 հունիսի 2013 - 15:39 AMT
Ա.Մարտիրոսյան. ՎՊ հաշվետվության շուրջ առաջացած աժիոտաժը բոլորովին այլ օպերայից էր

ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հա հաշվետվությունը հերթական զեկույցն էր, սակայն դրա շուրջ առաջացած աժիոտաժը բոլորովին այլ օպերայից էր, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «ԱԺ նախագահն ասում է, թե ժամանակն է, որ թալանողներն ազատվեն պաշտոնից, այսինքն` մինչև հիմա ժամանակը չէր և հիմա ժամանակն է: Կառավարման համակարգում բոլորը բոլորի դեմ կոմպրոմատներ ունեն, որովհետև այդ ամենը շատ անթաքույց է արվել: Դա նշանակում է, որ կառավարման համակարգն իրեն սպառել է և ռեսուսրները նվազել են և հիմա ռեսուսրների տնօրինման համար ներիշխանական պայքար է ստեղծվել: Դրա համար էլ կոալիցիայից դուրս մղեցին ԲՀԿ-ին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կառավարման համակարգն արմատական փոփոխության կարիք ունի, և ոչ միայն կառուցվածքային, այլ նաև անձերի փոփոխություն է պետք:

ՎՊ-ի զեկույցի շուրջ առաջացած աղմուկը, Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, նաև շոուի տպավորություն էր թողնում: «ՎՊ-ն զեկուցում է խախտումների մասին, և դեռևս ոչ մի նյութ չի ուղարկվել դատախազություն: Պատմությունն ինձ մի եզրահանգման բերեց` գուցե՞ սա ներիշխանական ռազբորկա է, որովհետև եթե իրականության մեջ այսքան իրադարձություններից հետո կար փոքր-ինչ ցանկություն խնդիրները լուծելուն, ապա մենք բովանդակային քայլեր պետք է տեսնեինք»,- ասաց նաև նշեց, որ ընդդիմությանը պետք է տրվեն երկրի կարևորագույն վերահսկիչ գործառույթները: «Եթե ՎՊ-ի ղեկավար լիներ ընդդիմության ներկայացուցիչը, ապա ներկայացված թվերը բազմակի անգամ մեծ էին լինելու»,- ասաց նա:

«Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կարծում է, որ ՎՊ բացահայտումները վերաբերում են ողջ իշխանական համակարգին։ «ՎՊ բացահայտումների մեջ թիրախ դարձնել վարչապետին, ընկալում եմ որպես պատվիրված համերգ։ Այդ համերգը պատվիրել էր այլընտրանքային ընդդիմությունը, ՀԱԿ-ը, որպեսզի խոսվի ոչ թե լուրջ խնդիրների մասին, այլ օֆշորի։ Դրա նպատակն է՝ հասնել նրան, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն իշխանության գա»,- ասաց նա: