26 հունիսի 2013 - 16:13 AMT
Հայ մասնագետների համար սեյսմիկ և միջուկային ռիսկերի հետ կապված սեմինարներ կկազմակերվեն

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսը:

Այցելության հիմնական նպատակն էր քննարկել համագործակցության 2014 թ. հիմնական ուղղությունները։ «Բազմիցս եղել եմ Հայաստանում և կարծում եմ, որ ավելի հաճախ պիտի հանդիպենք, որպեսզի ԱԻ և Ֆրանսիայի ՆԳ նախարարությունների փոխգործակցությունն ավելի սերտանա: Մենք նախատեսել ենք այս տարվա նոյեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանին հրավիրել Ֆրանսիա` ներկա գտնվելու քաղաքացիական պաշտպանության և ներքին անվտանգության նորագույն տեխնոլոգիաների թեմայով սալոնին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանի և ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անվտանգության հարցերով կցորդ Ս. Ռոպերսը նշեց, որ կանի ամեն հնարավորը երկկողմանի համագործակցությունն ավելի ընդլայնելու համար։ Մասնավորապես` հաջորդ տարի, «Թայեքսի» գրասենյակի օժանդակությամբ, կկազմակերպվեն բազմաթիվ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ արտակարգ իրավիճակների (հիմնականում` սեյսմիկ և միջուկային ռիսկերի հետ կապված) տարբեր մասնագետների համար։

Իսկ մինչ այդ` ԱԻ նախարարությունը պետք է պատրաստի մանրամասն ծրագրի նախագիծ, որը կներկայացվի Ֆրանսիայի ՆԳ նախարարին` վերջնական հաստատման համար։