26 հունիսի 2013 - 16:01 AMT
ՊՆ. ԼՂ դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՀՀ-ն ստիպելու է հակառակորդին հետ կանգնել

ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը միանշանակ չէ: Այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովում իր զեկույցն այսպես սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նկատեց, որ չնայած նրան, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը տեղակայված են Կենտրոնական Ասիայի շրջանում, Հարավային Կովկասը շարունակում է մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում: Նախարարը նշեց, որ Հարավային Կովկասում իրավիճակն այսօր զարգանում է տնտեսական, քաղաքական ու ռազմա-ստրատեգիական մի շարք գործոնների ազդեցությամբ:

«Իրավիճակն այստեղ շարունակում է բարդ ու պոտենցիալ պայթյունավտանգ մնալ: Հայաստանի Հանրապետությունը, չունենալով ոչ մի ընդհանուր սահման ՀԱՊԿ անդամ իր գործընկերներ պետությունների հետ, առավել քան հետաքրքրված է տարածաշրջանում լարվածությունը վերացնելու և կայունություն հաստատելու հարցով: Չեմ կարող չնշել տարածաշրջանում նոր ռազմա-ստարտեգիական միությունների ձևավարման մասին, չեմ կարող չասել, որ տարվում է հակահայկական քաղաքականություն ու Հայաստանի կարգավիճակը ամրագրվում է որպես «թշնամի պետություն», տարածաշրջանում սանձազերծվում է սպառազինությունների մրցավազք: Բացի այդ մեր հարևան պետության կողմից բացակայում են կառուցողական մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս ամենը անկասկած ճոճում է տարածաշրջանում հաստատված փխրուն կայունությունը»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի համար առաջնային է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորումը: Նախարարը հայտարարեց, որ հայկական կողմը միանշանակ հակված է հակամարտության խաղաղ լուծման ճանապարհին. «Սակայն Հայաստանին ներքաշեցին սպառազինությունների մրցավազքի մեջ, որը սկսեց Ադրբեջանը: Այս պետությունը բաց տեքստով հայտարարեց, որ նպատակ ունի ռազմական ճանապարհով հասնել ստատուս քվոյի վերանայմանը: Սա ստիպում է մեզ պետական գանձարանի զգալի մասը ծախսել պաշտպանական համակարգերի կատարելագործման վրա: Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայելու հակառակորդի բոլոր ագրեսիվ մտադրություններին, հաշվի առնելով հատկապես այն, որ հենց Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում, Հայաստանը լիովին ներգրավվելու է դրանց ու ստիպելու է հակառակորդին հետ կանգնել իր մտադրություններից»- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նկատեց, որ պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, որը մի շարք շրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում ունի լուրջ պոտենցիալ ու մեխանիզմներ` անվտանգության ապահովման համար:

Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողով: Այն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: