26 հունիսի 2013 - 17:04 AMT
ԱԱԽ քարտուղար. ՀՀ-ն շահագրգռված է ՀԱՊԿ զարգացման, նրա դերի հզորացման հարցում

ՀԱՊԿ-ի ապագան և հետագա համագործակցութան արդյունավետությունը մեծապես կախված են կազմակերպության ռազմական բաղադրիչի ամբողջական վերակազմակերպումից և կառուցվածքային փոփոխություններից, ինչպես նաև նրա ռազմական բաղադրիչների արդյունավետ, նշանակալի և ժամանակին ավելացումից: Այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է մշտապես ամրապնդել կազմակերպության հնարավորությունները հավաքական անվտանգության երեք տարածաշրջաններից յուրաքանչյուրում: «Այս տեսանկյունից, մենք մեր ռուս դաշնակիցների հետ միասին նպատակաուղղված աշխատանք ենք իրականացնում հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Միասնական հայ-ռուսական զորախմբերի հզորացման նպատակով: Գիտեմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացնում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում»,- ասաց նա: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ պետք է հզորացնել արդեն ստեղծված և առկա Արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունները, ինչը վերաբերում է թե այդ ուժերը անհրաժեշտ զենքով և տեխնիկայով զինելուն, թե կազմակերպական և գործունեության այլ ոլորտներին: Արթուր Բաղդասրայանն ասաց նաև, որ պետք է ստեղծել Կազմակերպության ռազմական բաղադրիչի նոր կառույցներ, և այս տեսանկյունից աշխատանքները, որոնք սկսվել են ՀԱՊԿ շրջանակներում Միացյալ ավիացիոն ուժերի և Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ` ժամանակին են և արդիական:

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է ՀԱՊԿ զարգացման, նրա դերի հզորացման հարցում, և մենք իրականացնում ենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվացման և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու քաղաքականություն բոլոր հարթություններում: Հայաստանում բացվելու է ՀԱՊԿ ակադեմիան, որը կոչված է կարևոր դեր կատարելու ՀԱՊԿ անդամ երկրների համար` ՀԱՊԿ գործունեության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում: ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակցային համագործակցությանն առնչվող հարցերը գտնվում են մեր երկրների ղեկավարների մշտական ուշադրության կենտրոնում, և մենք միասին շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր ժողովուրդները ապրեն կայուն և անվտանգ աշխարհում»,- ասաց նա:

Նշենք, որ ֆորումին մասնակցում էին նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստան, Ռուսաստանից: Ելույթ ունեցողները կարևորեցին ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման դերը կառույցի պատասխանատվության գոտում, կայունության և անվտանգության պահպանման գործում, նրանք նաև շեշետեցին այդ ուղղությամբ անդամ պետությունների կողմից միասնական քաղաքականության մշակման և իրականացման կարևորությունը: Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողով: Այն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: