26 հունիսի 2013 - 17:11 AMT
«Այբ» ավագ դպրոցում Ռոբոտիկայի լաբորատորիա է բացվել

«Այբ» ավագ դպրոցում Ռոբոտիկայի լաբորատորիա է բացվել: Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմը՝ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ և Ռոբոտիկա առարկան ուսումնասիրող աշակերտները։ Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն դրամ:

«Մենք ունենք հզոր մտավոր ներուժ՝ ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների և, առաջին հերթին` մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետևաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօր՝ մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր և հայրենասեր սերունդ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երևանի և մարզերի դպրոցներում:

Ֆիզիկայի և քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել Բերդ քաղաքում: Տարածաշրջանում նմանը չունեցող էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության «ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի և մարզերի այլ դպրոցներում: