14 փետրվարի 2006 - 13:58 AMT
Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանները կարող են աջակցել միջպետական հարաբերությունների ամրապնդմանը
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության ներկայիս մակարդակը, եւ նշել, որ ավանդական կապերը, հոգեւոր-մշակութային ընդհանրություններն ավելի են մերձեցնում երկու երկրներին ու ժողովուրդներին: Գեորգի Պիրինսկու խոսքով, միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում իրենց լուրջ ներդրումը կարող են ունենալ երկու երկրների խորհրդարանները: Ընդգծելով եվրոպական կառույցներին ինտեգրվելու ընդհանուր ձգտումը` որպես երկու պետությունների արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, կողմերը հատուկ կարեւորել են փոխգործակցությունը եվրաինտեգրման շրջանակում: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը ներկայումս լուրջ աշխատանք է տանում Եվրամիության նոր հարեւանություն քաղաքականության շրջանակում Գործողությունների անհատական ծրագրի մշակման ուղղությամբ:Փոխադարձաբար կարեւորվել է նաեւ Հայաստանը եւ Բուլղարիան կապող տրանսպորտային ենթակառուցվածքների դերը, համատեղ լաստանավային փոխադրումների իրականացումը: