27 հունիսի 2013 - 18:12 AMT
Վ. Վարդանով. Ադրբեջանը, կայծակնային պատերազմի պլանն իրագործելիս, ընդամենն իր զորքի համար գերեզմանատեղի «կազատագրի»

Բաքվի զորահանդեսը նախորդ տարիներից գրեթե չէր տարբերվում և անհաջող է ստացվել. սա հենց ադրբեջանցիների տեսակետն է, որ լայնորեն քննարկվում է: Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ զորահանդեսն անհաջող էր առաջին հերթին կազմակերպչական տեսանկյունից:

«Բաքվի որոշ շրջանակներում խոսում են, որ հաշվի առնելով ծախսված ֆինանսական միջոցների չափերը, ցույց չտրվեց առավելագույնը, այն հզորությունը, որի մասին այդքան խոսվում է»,- ասաց փորձագետը: Իսկ ցուցադրվեցին վերջին ձեռքբերումները Իսրայելից, Թուրքիայից, ՌԴ-ից: Տեխնիկա, որի մեծ մասը ոչ մի պատերզամի փորձ չունի: Հրաչյա Պետրոսյանցը բերեց ՀՄՄ3-ի և ՀՄՄ2-ի օրինակը. «ՀՄՄ2-ը համարվում է լավագույն և արդյունավետ զինատեսակ և ասվածի ապացույցը հենց արցախյան ազատամարտի փորձն է: Հիմա Ադրբեջանը ցուցադրում է նոր ձեռքբերած ՀՄՄ 3-ը, որը ոչ մի պատերազմի փորձ չունի»:

Ցուցադրված տեխնիկայի և Իլհամ Ալիևի հայտարարությունների համատեքստում հնարավոր պատերազմի պլանի` կայծակնային հաղթանակի հնարավորության մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով` փորձագետը նշեց. «Ադրբեջանում մշակում են նման պլան, բայց հասկանում են, որ հաջողության հասնելու համար այն առավելությունը չունեն: Քանի դեռ իրենք զբաղված կլինեն սահմանի մեր պաշտպանական մի քանի օղակների դեմ պայքարով, մենք մեր ունեցած հեռահար հրթիռային համակարգերով հնարավորություն ունենք նրանց այնպես խոցել, որ բոլոր պլանները կխափանվեն»:

Ասուլիսին ներկա Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Վովա Վարդանովը նշվածին ավելացրեց.«Կայծակնային պատերազմի իրենց պլանն իրագործելիս Ադրբեջանն ընդամենը կհասնի նրան, որ իր զորքի համար գերեզմանատեղի «կազատագրի»:

Իսկ Ադրբեջանի զորահանդեսի մասին ասաց.«Երբ 14 տարեկան էի, հայրս մահացավ, եղբայրս բանակ գնաց, ես մնացի մենակ: Մեր բակի տղաներից մեկի հետ խնդիրներ ունեցա, կռիվ արեցինք, ծեծեցի: Հաջորդ օրը լուր հասցրեցին ինձ, թե «էդ տղան դանակա առել, զգույշ եղի»: Մի քանի օր հետո էլ լուր եկավ, թե «ավելի սուր ու վտանգավոր դանակա առել»: Մի ամիս հետո գազային ատրճանակ առավ: Մի երկու ամիս հետո էլ իսկական ատրճանակ: Ու այդ օրերին մեր տան ճանապարհին, կամրջի վրա ինձ մենակ բռնացրեց: Զենքը պահեց վրաս: Ես մի հնարքով խլեցի: Այդ ամբողջ ընթացքում մարզասրահից դուրս չէի եկել: Ու մեկ էլ այն եմ հիշում, որ զենքը ջուրը գցելիս գոռաց` «մի գցի, տատիկիս դագաղի փողն է»: