27 հունիսի 2013 - 18:18 AMT
Վաղը տեղի կունենա «Caucho» ֆիլմի պրեմիերան

Հունիսի 28-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ինգա Գասպարյանը և Արսեն Գրիգորյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները:

Ֆիլմի տևողությունը 85 րոպե է, ժանրը՝ դրամա, սցենարի հեղինակներն են՝ Արսեն Գրիգորյանը, Շողեր Պետրոսյանը, Լիլիթ Մովսիսյանը։ Երաժշտությունը գրել է Կառլոս Պրոտեուսը։ Ֆիլմ արտադրող ընկերությունն է «7lines»-ը։