28 հունիսի 2013 - 19:14 AMT
Ողջի գետի Գեղի վտակ. Բնապահպանության նախարարությունում և ոստիկանությունում տեղյակ են ահազանգին

Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ ստեղծված իրավիճակի մասին Բնապահպանության նախարարությունում տեղյակ են, իսկ լրացուցիչ ստուգմների և ուսումնասիրությունների արդյուքների մասին կհայտնեն լրացուցիչ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը նշեց, որ այդ ստուգումներն ու ուսումնասիրությունները ժամանակատար են:

Ոստիկանությունում ևս ծանոթ են օրեր առաջ տարածված բնապահպանների հայտարարությանը: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ասվածին ոչինչ չի ավելացնի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԲՃ անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ահազանգել էին, որ Սյունիքի մարզում՝ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: «Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը», - նշված էր տարածված հայտարարության մեջ: