28 հունիսի 2013 - 20:20 AMT
Հնագիտական հուշարձանների պեղումների 23 նոր հայտ դրական եզրակացություն է ստացել

Այսօր Մշակույթի նախարարությունում կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012 թ. տրված 59 թույլտվություններից՝ 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ: Դրանք ներկայացրել են «Էրեբունի արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազատությունների կենտրոն ՀԿ-ն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտական կենտրոնը: Հանձնաժողովը քննարկել է նաև 2013 թ. ներկայացված 23 նոր հայտերը և տվել դրական եզրակացություն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից:

2012 թ. կատարված պեղումների արդյունքներով արձանագրվել է, որ պեղումներն իրականացվել են բարձր մակարդակով, արդի հնագիտական մեթոդների պահանջներին համապատասխան և զգալիորեն լրացնում են Հայկական լեռնաշխարհի պատմության և մշակույթի ուսումնասիրությունների աղբյուրագիտական հենքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար:

Պեղումները կնպաստեն նաև հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ծրագրերի մշակմանը: