
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը վստահություն է հայտնել, որ առողջապահական համակարգերի կապերն առաջիկայում ավելի կամրապնդվեն: Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունների միջև համագործակցության մեկնարկը տրվել է 2000թ.-ին` առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին կնքված համաձայնագրով։ Միաժամանակ շեշտել է, որ հայ և ռուս բժիշկների սերտ համագործակցությունն ու ամուր կապերը շատ ավելի վաղ են սկսվել։
«Իմ սերնդակիցներից շատերը սովորել կամ վերապատրաստվել են Ռուսաստանում։ Ինքս թեկնածուական թեզս պաշտպանել եմ Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում, և մինչև այսօր շարունակվում է բարեկամությունը ռուս գործընկերների հետ։Այժմ էլ մեր երկրների առողջապահական համակարգերը, արձանագրվող ցուցանիշները, մասնագիտական կրթությունը ընդհանուր շատ եզրեր ունեն։ Պատահական չէ, որ մեր շատ հայրենակիցներ ճանաչված մասնագետներ են Ռուսաստանի Դաշնությունում»,-ասել է նախարարը։
Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարարության և Մոսկվայի կառավարության միջև 1999թ. ստորագրված արձանագրությանը, որի շրջանակներում կողմերը հաջողությամբ համագործակցում են կադրերի վերապատրաստման, հիվանդների բուժման նպատակով գործուղումների կազ¬մակերպման և այլ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում հիշատակվել է նաև ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում Հայաստանին աջակցելու ռուսական ծրագիրը և քննարկվեցին դրա առանձին մանրամասներ։
Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում փոխգործակցությունը ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ նոր ձևաչափերով ավելի ինտենսիվ դարձնելը:
Նախարար Դումանյանը ցանկություն է հայտնել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային իրեն հարմար ժամանակ հրավիրել Հայաստան` տեղում ամփոփելու երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցության արդյունքները և հստակեցնելու հետագա փոխգործակցության եզրերը։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների առողջապահական համակարգերի հետագա համագործակցությանը։