«Արի տուն-2013» ծրագրի առաջին հրաժեշտի խարույկը վառվեց Աղավնաձորում

«Արի տուն-2013» ծրագրի առաջին հրաժեշտի խարույկը վառվեց Աղավնաձորում

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը, գրող, հասարակական- քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Արիտունցիները ներկաներին ողջունեցին ասմունքով, երգով ու պարով, իսկ վիրահայ Մարինա Շախտինարովայի կատարմամբ «Կռունկ» երգը զարմացրեց ու հուզեց ներկաներին:

Արիտունցիներին հայրենասիրական երգերով ոգևորեցին «Հայկազունք» խմբի երգիչները, որոնց կատարումներին միացան նաև ծրագրի մասնակիցներն ու հյուրերը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց «արի տուն» կանչով հայրենիք եկած մասնակիցներին և հույս հայտնեց, որ նրանք կդառնան յուրօրինակ կենդանի կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև. «Կարծում եմ, որ այս օրերին դուք շատ բան տեսաք ու սովորեցիք: Հույս ունեմ, որ հայրենիքի սերն ու ջերմությունը կտանեք ձեր համայնքներ և կոգևորե´ք, կբոցավառե´ք, ուժ կտաք համայնքում ապրող հայ երիտասարդներին, որ նրանք էլ գան հայրենիք, մասնակցեն ծրագրին, ձեզ պես ոգևորվեն ու շարունակեն հայ մնալ ու սիրել Հայաստանը»:

Երեկոն ավարտվեց ավանդական հրաժեշտի խարույկի մոտ, որի շուրջ մինչև ուշ երեկո պարում, երգում էին ծրագրի մասնակիցները, ովքեր մեկ օր հետո հրաժեշտ էին տալու հայրենիքին՝ նոր վերադարձի ակնկալիքով: «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլին մասնակցեց շուրջ 90 երիտասարդ աշխարհի 10 երկրից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---