1 հուլիսի 2013 - 14:54 AMT
ԱԺ նախագահ. Հարկավոր է այնպես անել, որ բյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ

Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականների հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միշտ համաձայն է: Այս մասին ԱԺ նախագահը հայտնեց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ քննարկումներին, որոնց անդրադարձ եղավ նաև նախագահի մոտ վերջին խորհրդակցության ժամանակ: «Ես հայտնել եմ իմ կարծիքը, իմ տպավորությունը՝ հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, որ ԱԺ մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու և խոսելու նրանց պահվածքի մասին, ապա Հովիկ Աբրահամյանը կարծիք չի հայտնում. «Սպասենք»: Հարցին՝ չե՞ք կարծում, որ զրույցը շատ կոշտ է լինելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ»: Նա ասաց, որ չի զղջում իր արած գնահատականների համար, ավելին, այսօր էլ նույնը կկրկներ: «Մենք, օգտվելով մեր իրավունքից, հաշվետվությունն ուղարկել ենք գլխավոր դատախազություն և դատախազությունը կտա իր պատասխանը»: ԱԺ նախագահը շեշտեց, որ ներկայացրել է իր տպավորությունները հաշվետվության վերաբերյալ և քանի որ այդ տպավորությունը, այդ գնահատականները պետք է հիմնավորվեն, հանձնարարական է տվել հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն: «Հարկավոր է այնպես անել, որ բյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ ՎՊ 2012թ.-ի տարեկան հաշվետվությունով բազմաթիվ կոմպիտ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք ոլորտներում: Խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկել էին այն ուղարկել դատախազությունն, առաջարկին կողմ էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, ինչը և արվել է: