16 փետրվարի 2006 - 18:16 AMT
Սենատորներ Սանթորումն ու Ալլարդը հանդես են եկել Հայոց ցեղասպանության օրինագծերի օգտին
ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Ռիք Սանթորումը (Փենսիլվանիա) եւ Ուեյն Ալլարդը իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Այդպիսով, բանաձեւին աջակցող սենատորների թիվը հասավ 27-ի, հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Ռիք Սանթորումը ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի անդամ եղած տարիներին մշտապես աջակցել է շրջանառության մեջ եղած Հայոց ցեղասպանության օրինագծերի ընդունմանը: Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Սանթորումին հերթական անգամ Հայոց ցեղասպանության օրինագծին աջակցելու համար:

Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ իր արտացոլումը կգտնի Հայոց ցեղասպանության ըմբռնումը: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Ջ.Բուշին ապրիլի 24-ի իր ամենամյա խոսքում բնութագրել հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը որպես ցեղասպանություն: Օրինագիծը, որը ներկայացվել է անցյալ տարվա նոյեմբերին հանրապետական Ջոն Էնսայնի եւ դեմոկրատ Ռիչարդ Դերբինի կողմից, հիշեցնում է թիվ 316 բանաձեւի նախագիծը, որը 2005 հունիսին Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը: