2 հուլիսի 2013 - 15:04 AMT
Անդրեյ Արեշև. Դիվանագիտական ներկայացուցչությունների գաղտնալսման շուրջ իրարանցումը մի փոքր արհեստական է

«Ամերիկացիների կողմից եվրոպական Դիվանագիտական ներկայացուցչությունների և տարբեր արևմտյան կառույցների գաղտնալսման շուրջ իրարանցումը մի փոքր արհեստական է»,- PanARMENIAN.Net.-ին է ասել ՌԴ Սևծովյան և Կասպից ավազանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, այդ մասին հայտնի էր Սնոուդենի բացահայտումներից շատ ավելի վաղ, և եթե այդ թեման գերադասում էին չհրապարակել, դա առաջին հերթին վերաբերում է բուն եվրոպացի դիվանագետներին, քաղաքական գործիչներին և նրանց աշխարհընկալմանը: «Գաղտնիք չէ, որ նույնիսկ մերձավոր դաշնակիցներն են գաղտնալսումներ անցկացնում ու տեղեկություններ կորզում միմյանց մասին, դա բնական է: Այդպես եղել է, կա և այդպես կլինի: Ուստի, գտնում եմ, որ վերջին հաշվով եվրոպացիները կաղմկեն ու կհանդարտվեն: Նրանցից ոչ ոք չի պատրաստվում կասկածի տակ առնել ԱՄՆ առաջատար դերը Արևմտյան դաշինքում, կամ հեռանալ ՆԱՏՕ-ից: Իսկ բոլոր նրանց համար, ով չի հանդիսանում ԱՄՆ դաշնակիցը կամ կողմնակիցը տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում, կատարվածը շատ լուրջ առիթ է հոգալու համար սեփական տեղեկատվական անվտանգության ամրապնդման մասին»,-ասել է Արեշևը: