17 փետրվարի 2006 - 17:04 AMT
Թաներ Աքչամը մեծ ներդրում է կատարում Հայոց ցեղասպանության ճանաչաման գործում
Թուրք գրող Թաներ Աքչամը գնահատվում է հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ներդրում ունենալու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը: Ինչպես նշել է Ա. Մելքոնյանը, մի քանի օր առաջ Թաներ Աքչամի մասին նրա հայտարուրթյունները սխալ են հասկացվել: «Ես չեմ ասել, որ Թաներ Աքչամը անում է այն, ինչ նրան ասում են Անկարայում»,- նշել է նա: Հայազգի պատմաբանի խոսքերով, իհարկե մի շարք տարաձայնություններ կան Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Աքչամի եւ հայկական կողմի դիրքորոշումների միջեւ, մասնավորապես, ինչ վերաբերում է Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո փոխհատուցման անհրաժեշտությանը: Աշոտ Մելքոնյանը նշել է այն դրական փաստը, որ Թուրքիայում լույս են տեսնում Թաներ Աքչամի հոդվածները: Թուրքիայի հասարակական եւ մի շարք պաշտոնական շրջաններ իշխանությունների նկատմամբ Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմության մեջ գտնվող Աքչամի հոդվածների հրապարակումով փորձում են ցույց տալ` որքան ազատամիտ եւ ժողովրդավարական է այսօր Թուրքիան, բայց իրականում նրանք փորձում են շոշափել հայկական կողմի քայլերը պաշտոնական Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում: