17 փետրվարի 2006 - 18:08 AMT
Հայաստան-ԵՄ հարաբերությունները ավելի համակարգված բնույթ են ձեռք բերում
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդներին, հայտնում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ Եվրամիության հետ հարաբերությունները ձեռք են բերում շատ ավելի համակարգված բնույթ: Ներկայումս նա առաջնային խնդիր է համարել Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի հետ անհատական գործակցության ծրագրի հաստատումը: Վստահեցնելով, որ ստանձնած պարտավորությունները եւ ծրագրված աշխատանքը մեր երկիրը կկատարի արագ եւ որակով, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը պատրաստ է լուրջ բարեփոխումների եւ Գործողությունների ծրագիրը դիտում է բարեփոխումների խորացմանն ուղղված բավակաին լուրջ միջոց»: Ըստ Նախագահի, Հայաստանը չունենալով հարուստ բնական պաշարներ, երկրի զարգացման հիմնական ուղին համարում է ավելի արդյունավետ կառավարումը, ինչը տեսնում է բարեփոխումների մեջ: Եվրամիության պաշտոնյան Գործողությունների ծրագիրը համարել է ապագա գործընկերության համար լավ հիմք: Նրա խոսքով, ծրագրի առանցքն են կազմում ժողովրդավարության, օրենքի գերակայության խնդիրները: Ֆերերո֊-Վալդները նաեւ նշել է, որ նոր հարեւանության ծրագիրը Հայաստանի տնտեսության զարգացման համար նոր հնարավորություններ է բացում: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված վիճակի հետ կապված հարցեր: