3 հուլիսի 2013 - 12:23 AMT
Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է հայկական Սբ Բարդուղոմեոսի հայկական եկեղեցու հուշաքարը

Զբոսնելով Պետերբուրգի Դեկաբրիստների փակուղով, որի հարևանությամբ են գտնվում Սմոլենսկի երեք գերեզմանոցները՝ ռուսական, հայկական և գերմանական, քահանա Սերաֆիմ Կոզուլինը Պսկովի վանքից պատահաբար հայտնաբերել է գրանիտե մի հուշաքար, որի վրա գրված է 1780թ. հայկական Սբ Հարության եկեղեցու կառուցման մասին: Այդ մասին հայտնում է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի պորտալը:

Ապշեցուցիչ այս գտածոն քահանան բերել է հայկական Սբ. Հարության եկեղեցի: Հայտնի է, որ եկեղեցին իր այժմյան տեսքով կառուցվել է 1791-94թթ.: Սակայն կան տվյալներ, որ նրա տեղում մեկ այլ հայկական եկեղեցի է եղել: Սանկտ Պետերբուրգի գերեզմանոցների մասին Վ.Սաիտովի 4-հատորյա աշխատության մեջ ասվում է.

«…Սմոլենսկի հայկական Սբ Հարության եկեղեցին հիմնվել է 1780 թվականին՝ պետական խորհրդական Իվան Լազարևի կողմից, ինչը հայտնի է դառնում եկեղեցու պատի վրա արված փորագրությունից: Նկարագրված է 1910 թվականին»:

Այսինքն Սաիտովն իր աչքերով է տեսել այդ հուշաքարը: Հավանաբար, այս եկեղեցու կառուցումից հետո հուշաքարը տեղափոխվել է պատի վրա: Հավանաբար, այն պոկել են պատից և դեն նետել խորհրդային իշխանության առաջին տարիներին: