17 փետրվարի 2006 - 19:10 AMT
Բաքուն մտադիր է բողոքարկել Եվրախորհրդարանի բանաձեւը հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ
Ադրբեջանը մտադիր է բողոքի նամակ հղել Եվրախորհրդարան, որը նախօրեին բանաձեւ է ընդունել Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: «Սակայն մենք դեռեւս Եվրախորհրդարանից որեւէ պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ազերի-Պրեսս» գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբը: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր, դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին: Պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական ժխտումներին` ելույթ ունեցողները հարցնում էին, որ եթե իսկապես տեսագրված ոչնչացումը հայկական խաչքարերի ոչնչացում չէ, ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս, որ անկախ դիտորդներ այցելեն այնտեղ եւ տեղում ստուգեն եղելությունը: Նրանք պատասխանեցին նաեւ այն առարկություններին, թե խաչքարերի ոչնչացումը տեղի է ունենում Ղարաբաղյան պատերազմի շրջանակներում` ընդգծելով, որ «Նախիջեւանը հեռու է պատերազմի թատերաբեմից»: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հայտնեց, թե հանձնաժողովը չի զբաղվում Եվրամիությունից դուրս գտնվող երկրների մշակութային կոթողներով, եւ եթե իսկապես հաստատվի, որ ոչնչացվածները խաչքարեր են, դա պետք է դատապարտել: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ դա տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, ինչի պատճառով էլ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի: