3 հուլիսի 2013 - 15:07 AMT
Գառնիկ Վաղարշակյան. Այսօր Արհմիությունների կոնֆեդերացիան ունի իրական բարեփոխումների խնդիր

Աշխատավորության սոցիալական շահերի պաշտպանության խնդիրը եղել և մնում է կենսական յուրաքանչյուր քաղաքացու համար: Այն առավել արդիական է դարձել այս օրերին, երբ արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը խորացնում են բևեռացված հասարակությունը։ Եվ բնական է տարբեր քաղաքական ուժերի, կառույցների, հասարակական կազմակերպությունների, և ինչու չէ նաև` անհատների մտահոգությունը:

Ահա այստեղ է, որ խնդիր է առաջանում մտահոգ մարդկանց տարբերակելու օրվա դերակատարներից, իսկ հեռահար նպատակները անձնական շահերից։ Այս մասին ասվում է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայ պատասխանատու քարտուղար՝ Գառնիկ Վաղարշակյանի հայտարարության մեջ:

Այսօր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան ունի իրական բարեփոխումների խնդիր քանզի խորհրդային ժամանակներում ձևավորված կառույցը նոր աշխատանքային հարաբերությունների պայմանններում պետք է որդեգրի նոր մոտեցումներ։

Այսօրվա գործատուն, հատկապես մասնավոր սեկտորում իր կամքն է թելադրում առավել շահույթ ստանալու նպատակով, հետևաբար արհմիությունները սոցիալական գործընկերության շրջանակներում պարտավոր են օրենսդրորեն թույլատրելի բոլոր հնարավոր միջոցներով և մեթոդներով պաշտպանելու աշխատավոր մարդուն, որը հաճախ օրվա հացի խնդիր ունի…։

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան այսօր հետևողականորեն փորձում է քայլ առ քայլ բարեփոխվել, որպեսզի աշխատավորական կոլեկտիվում արհմիության դերակատարումը լինի առարկայական և տեսանելի։ Ցավոք սրտի արհմիությունները այսօր դարձել են թիրախ շատերի համար։

Կան քաղաքական ուժեր, որոնք տարիներ շարունակ ունենալով լծակներ չեն նպաստել, որպեսզի օրենսդրական դաշտում ամրագրվի արհմիությունների դերի բարձրացումը, սակայն այսօր փորձում են ինչ-ինչ հեռահար նպատակներ իրականացնելու համար հանդես գալ իբրև աշխատավոր մարդու շահերի պաշտպան։

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան այսուհետ ևս կշարունակի սկսված ներքին բարեփոխումները, բևեռացված հասարակության հուզումները մեղմելու, գործատու – աշխատող հարաբերությունները օրենսդրական դաշտում առավել նպաստավոր դարձնելու՝ ի շահ աշխատավորի, (Արհեստակցական միությունների մասին), (Հավաքների ազատության մասին) օրենքներում, առաջարկներ ներկայացնելու և Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում մտահոգիչ խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ։

Մեզ համար շատ կարևոր է ԶԼՄ-երի մասին օրենքի ազատության աստիճանը, քանզի չունենալով օրենսդրական նախաձեռնության իրավունք և միայն օգտվելով սոցիալական գործընկերության շրջանակներում ամրագրված գործառույթներից դժվար է պաշտպանել աշխատավոր մարդուն առանց հասարակական կարծիքի ձևավորման։ Արհմիությունների սոցիալական պայքարի զինանոցում լրատվամիջոցը լուրջ «զենք է»։

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան մշտապես փորձել է երկրում տիրող առանց այն էլ փխրուն կայունությունը չվտանգել, սակայն մշտապես լինել աշխատավոր մարդու շահերի իրական և մշտարթուն պաշտպանը։ Սակայն եթե որոշ քաղաքական գործիչներ փորձում են խաղեր տալով առանձին անձանց սատարել իբրև (աշխատողի շահերի պաշտպան)՝ կարծում եմ այս պարագայում այն ինտրիգների սրման կարող է հանգեցնել։

Խորհուրդ չի տրվում արհմիությունների հետ խոսել քաղաքական այլաբանությամբ, արհմիությունը գնահատում է հավասարակշռված և հետևողական քայլերը , ասվում է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար՝ Գառնիկ Վաղարշակյանի հայտարարության մեջ: