Անօթևանների ժամանակավոր կացարանների 30 շահառու աշխատանք է գտել, 8-ը նոր ընտանիք կազմել

Անօթևանների ժամանակավոր կացարանների 30 շահառու աշխատանք է գտել, 8-ը նոր ընտանիք կազմել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացնում են, որ խնամքի տակ գտնվող անօթևանները նշել են, որ տևական ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելել բժշկի կամ դեղորայք գնել:

Աղբյուրից տեղեկանում ենք, որ 2011 թ-ի դեկտեմբերից Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրով պարբերաբար նմանօրինակ առողջապահական միջոցառումներ են կազմակերպվել: Բացի այդ, առողջական յուրաքանչյուր խնդրի դեպքում կացարանում բնակվող անօթևաններին քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Մինչ օրս կացարան է տեղափոխվել 188 անօթևան:

Քայլեր են ձեռնարկվել նաև անօթևանների զբաղվածության հարցի լուծման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Ըստ այդմ, 30 շահառու, աշխատանք գտնելով, անցել է ինքնուրույն կյանքի: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների շնորհիվ 38-ը վերադարձել է ընտանիք, 8 հոգի էլ, ժամանակավոր կացարանում նոր ընտանիք կազմելով, տեղափոխվել են վարձակալած բնակարաններ, ևս 6-ը՝ մասնագիտացված տուն-ինտերնատ: ՀՀ մարզերից եկած և ՌԴ քաղաքացիություն ունեցող 13 անօթևան էլ վերադարձել են իրենց բնակավայր: Այժմ կացարանում բնակվում է 44 շահառու:

Երևանի քաղաքապետարանի և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում լուծվել են անօթևանների ոչ միայն կացարանի, այլև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---