Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես

Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ Լիխոմանովը, առանձնահատուկ կարևորելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են հայատառ գրականության բազում հազվագյուտ հրատարակություններ, որոնց մի մասն իսկապես թանկարժեք ցուցանմուշներ են:

Դրանց շարքում կան նաև 1630-1800թթ. տպագրված գրքեր, որոնք բացակայում են նույնիսկ Հայաստանի գրադարաններում: Գրադարանի տնօրենը նշել է, որ Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդն այսօր ներառում է շուրջ 75 հազար միավոր գիրք:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Անդրեյ Լիխոմանովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է գրադարանի կողմից ցուցադրության ներկայացված հազվագյուտ գրքերի նմուշներին, ապա այցելել գրադարանի հատուկ պահպանվող գրապահոց, որտեղ պատվավոր հյուրերի գրքում կատարել է գրառում:

Քաղաքապետն իր գրառման մեջ մասնավորապես նշել է, որ հիացած է ազգային գրադարանում պահպանվող հայկական եզակի ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքից ու նաև լի է հպարտության զգացումով, որ նախնիները սերունդներին ժառանգել են այնպիսի արժեքներ, որոնք շարունակում են գնահատված մնալ մինչ օրս:

Գրառում կատարելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի ազգային գրադարանին է նվիրել նաև Երևանի մասին լիարժեք պատմող գիրք և հույս հայտնել, որ այն կլրացնի գրադարանի հայկական ֆոնդը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---