20 փետրվարի 2006 - 12:37 AMT
Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը
Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման երաշխավոր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: Նրա խոսքերով, Մոսկվան առաջարկում է իր դիվանագիտական աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության հասնելու դեպքում: Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը մտահոգում է բոլոր կովկասյան երկրներին, այդ թվում նաեւ Ռուսաստանին: Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը»,-ասել է ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ընդգծելով, որ կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության հիմնական պատասխանատվությունը կրում են հակամարտության կողմերը, ռուս դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանություն կտա խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի հակամարտող կողմերի համար: «Փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: