20 փետրվարի 2006 - 14:43 AMT
Թբիլիսին ստիպված չի լինի դիմել երկակի խաղի Երեւանի եւ Բաքվի հետ հարաբերություններում, համոզված է Վրաստանի նախագահը
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին համոզված է, որ իր երկիրը ստիպված չի լինի դիմել երկակի խաղի տարածաշրջանի երկրների հանդեպ: «Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը միասնական տնտեսական համակարգի ներկայացուցիչներ են»: Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանին եւ Ադրբեջանին կհաջողվի հասնել պայմանավորվածության, ինչն էապես կթեթեւացնի նաեւ Վրաստանի վիճակը Հարավային Կովկասի երկրների հետ իր հարաբերություններում: Սահակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը հիանալի հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, սակայն այդ հարաբերությունները հարկավոր է ամեն ժամ խորացնել եւ զարգացնել: «Մեզ անհրաժեշտ է ստեղծել միասնական տնտեսական համակարգ ազատ առեւտրով, ինչը նոր խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար եւ թույլ կտա զարգացնել տարածաշրջանը որպես միասնական ամբողջություն»,-ասել է նա, հաղորդում է Կովկաս-Պրեսսը: